Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գրողը կարոտ է շփման, որովհետև մենության անապատներով է անցնում»

«Գրողը կարոտ է շփման, որովհետև  մենության անապատներով է անցնում»
01.05.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրը բանաստեղծ, թարգմանիչ, ԵՊՀ դասախոս, ՀԳՄ նախագահության խորհրդի անդամ ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է:

-Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում անցկացվեց Գրողների 6-րդ համահայկական համաժողովը: Այս տարի լրանում է նաև հայ գրատպության 500-ամյակը, գիրքը տարվա սիմվոլ է դարձել: Ի՞նչ եք կարծում` հասարակության շրջանում հետաքրքրությունը գրքի նկատմամբ կմեծանա՞, կամրապնդվի՞ գրող-ընթերցող կապը:

-Յուրաքանչյուր միջոցառում ընդգրկում է երիտասարդ մի շերտ, եկող շերտ` դպրոցի և համալսարանի միջև կանգնած: Այս ամենը կգրավի նրանց ուշադրությունը: Չի եղել մի լավ միջոցառում, որը տասնյակներով զինվորներ չբերի դեպի գրականություն: Որքան էլ տեսանյութ լինի, համացանց, գիրքը շարունակում է մնալ կարևորագույն գործոններից մեկը, որ կարող է փոխել մարդու կյանքը: Գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալը նույնպես հրաշալի երևույթ է Հայաստանի համար: Ընդհանրապես, գիրքը մարդն է, միայն թե` շապիկ հագած և թղթի վրա:

-ՈՒ այսօր «մարդն» անտեսվում է:

-Չմոռանանք, որ մենք վիթխարի խնդիրներ ունենք, շրջափակված ենք, բանակի համար միլիարդներ են ծախսվում, մենք պետք է պահպանենք մեր սրբազան հողը` Արցախը: Մարդն անտեսվում է. ամո՛թ, եթե անտեսվում է: Որովհետև որևէ պետություն իրավունք չունի անտեսելու մարդուն: Եթե մարդն անտեսվում է, կործանվում է երկիրը: Դոստոևսկին ասում է` աշխարհի բոլոր գաղափարները միասին երեխայի մի կաթիլ արցունքը չարժեն: Եթե խախտվում է արժեքը, խախտվում է ամեն ինչ: Առավել ևս Հայաստանի պես երկրում, որ այդքան վտանգներով է անցել, մարդը չպետք է անտեսվի: Օլիգարխների միլիարդներից պետք է բաժին հանվի կռվող տղաների ընտանիքներին: Ամո՛թ, եթե չի հանվում: Պետությունը կարող է մեծ հարկեր սահմանել և «այսքան» միլիոնից ավելի ունեցողից վերցնել ու Արցախը բորենու բերանից հանած ընտանիքին որոշ գումար տալ:

-Իսկ գրողն ի՞նչ է անում, որ մեծարեն այսօրվա հերոսին:

-Գրողների մի մասը լավ վիճակում չէ: Մենք վճարում ենք մեր գրքերի համար, հոնորար չենք ստանում: Բայց գրողը պետք է ծնվի այնպիսին, որ կարեկցի մարդու թշվառությանը, զոհաբերմանը կամ աղքատ ընտանիքի մաքառմանը: Այն գրողը, որն ունի այդ սերմը իր մեջ, կարձագանքի: Ով գրականություն է մտել, որ սիրամարգի պես պոչը շողացնի, երբեք չի անդրադառնա այդ խնդիրներին:

-Այսինքն, պետք է քաղաքականացվա՞ծ լինեն այսօր պոեզիան, գրականությունը:

-Այո, դուք գիտեք իմ ուղղվածությունը, բայց ոչ այն քաղաքականացումը, որ ցուցանմուշ է, այլ մարդկային ճակատագրի հետ շաղախված քաղաքականացումը: Մարդը մնում է առաջին գծի վրա, նրա ներքին մոնոլոգը, նրա ապրումները, նրա քաղաքական դիրքորոշումը, նրա մասնակցությունը սոցիումին` այս ամենը շատ կարևոր է:

-Կա՞ն գրողներ, որոնց գործերում կարելի է գտնել այդ ամենը:

-Իմ «Հուդայի արձակուրդը», «Նամակ Նոյին» գրքերում քաղաքական ներքին թոհուբոհ է: Պարտադիր չէ, որ հերոսը ինքնաձիգը ձեռքին լինի, պարտադիր է, որ մթնոլորտը, որի մեջ մարդը գործում է, արձագանքի նրա և պատերազմի միջև եղած տարածքին: Գուրգեն Խանջյանին կնշեի, պոեզիայում Վահե Արսենն է հետաքրքիր, Հովհաննես Գրիգորյանը, ում համար աղոթում եմ, որ շուտ ապաքինվի, իմ լավ գրչընկերն է: Հետաքրքիր ձայն է Նաթելա Լալաբեկյանը, որ այստեղից Մոսկվա է գնում, Մոսկվայից՝ Ամերիկա, բայց հոգով-սրտով կապված է Զանգեզուրի հետ:

-Արցախում կա՞ն լավ գրողներ:

-Այո, հետաքրքիր գրողներ ունենք Արցախում: Պատերազմը փոխել է նրանց ընկալումը, ավելի իրական է դարձրել, ավելի մաքառող ձայներ են:

-Որքան էլ փորձենք մեկ միասնական դաշտում դիտարկել Արցախի, սփյուռքի, հայաստանյան գրականությունը, միևնույն է, դրանք առանձին, սեփական կյանքով ապրող աշխարհներ են: Կենդանի կապ կա՞ այդ աշխարհների միջև:

-Այդպես է, գրականությունը, որտեղ ապրում ես, կոչվում է տեղայնական գրականություն: Դա է պատճառը, որ համագումարներով և այլ միջոցառումներով ամեն ինչ արհեստականորեն իրար ենք մոտեցնում, որ ճանաչեն իրար, մեր եկող սերունդը սփյուռքի եկող սերնդին իմանա, Արցախի եկող սերունդը իմանա այստեղի գրողներին:

-Համաժողովն ավարտվել է, հյուրերը կգնան, խանդավառությունը կպակասի, ու ամեն ինչ կմնա նո՞ւյնը:

-Չի մնա նույնը: Իհարկե, մենք չենք կարող անվերջ իրար կողքի լինել: Մարդկային կեցությունը, մանավանդ` գրողի, պահանջում է փակ տարածք, որ գրի, խորհրդածի: Իսկ այդպիսի երևույթները ողջունելի են, վիթխարի շփում է լինում, ամեն մեկը տեսնում է` ինքն ով է, մեկ ուրիշն ով է: Թվում է` միջոցառումը վերջացավ, դատարկություն է: Ո՛չ, հազար տեսակի բաներ կան, որոնք կենդանի են դարձնում շփումը: Մարդիկ հեռախոսի համարներ, էլեկտրոնային հասցեներ են փոխանակում, բարեկամություն, թղթեր, գրքեր: Կարևոր է:

-Գրողի խնդիրն ամեն տեղ նո՞ւյնն է:

-Գրողը կարոտ է շփման, որովհետև մենության անապատներով է անցնում` ստեղծելու համար գրական աշխարհ: Այդպես է: Դրա համար էլ` հենց իմանում են` հանդիպում կա, համաժողով, վերցնում են ճամպրուկներն ու սլանում, որ իրար տեսնեն, հանդիպեն, հիշեն, ապրեն… Ապրեն ու գրեն:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ